<<Միասին կարող ենք ավելին>․ 6-րդ ՀՄԲՀ-ն հրավիրում է սփյուռքահայ բժիշկներին մասնակցել համագումարին
2023 թվականի հուլիսի 5-8-ը Հայաստանում տեղի կունենա Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը։ <<Միասին կարող ենք ավելին>> կարգախոսի ներքո համագումարն այս տարի մեկ հարկի տակ է հավաքելու Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առողջապահության ոլորտում ներգավված մասնագետներին՝ քննարկելու Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերի առջև ծառացած խնդիրները, կիսվելու ոլորտի առաջադիմական փորձով, ինչպես նաև ամրապնդելու Հայրենիք-Սփյուռք կապերը։
ՀՀ առողջապահության նախարարության, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի և <<Բժշկական համագումար>> հիմնադրամի հովանու ներքո անցկացվող համահայկական նշանակության այս միջոցառման շրջանակում տեղի կունենան միջազգային ճանաչում ունեցող գիտնականների մասնակցությամբ լիագումար նիստեր, բժշկագիտության տարբեր ուղղություններով գիտական սեկցիաներ, ինչպես նաև թեմատիկ սատելիտային սիմպոզիումներ՝ բուն համագումարին նախորդող կամ հաջորդող օրերին։ Համագումարի պատվավոր նախագահն է <<Արաբկիր>> ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, համագումարը համանախագահելու են բժիշկներ Համբարձում Սիմոնյանը (Հայաստան), Վիգեն Խաչատուրյանը (Արցախ) և Գևորգ Յաղջյանը (Սփյուռք)։
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները համագումարին մասնակցելու համար կարող են առցանց գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://6imca.am/#register, համագումարի շրջանակում աբստրակտ կարող են մուտք անել հետևյալ հղմամբ՝ https://6imca.am/abstract։
Համագումարի գիտական ծրագրին, խոսնակների ցանկին, ինչպես նաև ամբողջական այլ տեղեկությունների կարելի է ծանոթանալ համագումարի պաշտոնական www.6imca.am կայքում։ Պարբերաբար թարմացվող տեղեկությունների համար կարող եք հետևել համագումարի Ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/6imca։ Հարցերի և առաջարկների համար կարող եք դիմել համագումարի քարտուղարություն՝ info@6imca.am էլ․ փոստի միջոցով։