Առողջության առաջնային պահպանությունը 6-րդ ՀՄԲՀ ռազմավարական կարևոր ուղղություններից է
ՀԵՆԱՐ հիմնադրամի ներկայացուցիչների և Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) խմբի անդամ Մարիամ Մանուկյանի նախաձեռնությամբ տեսակապի միջոցով հանդիպում է կայացել Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի համանախագահներ Գևորգ Յաղջյանի և Համբարձում Սիմոնյանի հետ:
Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ոլորտի փորձառու մասնագետներ թե´ Հայաստանից և թե´ արտերկրից, քննարկվել է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի ռազմավարական ուղղություններից՝ առողջության առաջնային պահպանության վերաբերյալ համագումարի շրջանակում միջոցառումների անցկացման հետ կապված հարցեր։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ ՀԵՆԱՐ հիմնադրամի և թե՛ Հայկական բժշկական միջազգային կոմիտեի համար առողջության առաջնային պահպանությունը ևս կարևոր թիրախային ուղղություն է, 6-րդ ՀՄԲՀ համանախագահներին առաջարկվել է ՀՄԲՀ շրջանակում ՀԵՆԱՐ հիմնադրամը ստանձնի ոլորտային այս ուղղությամբ բոլոր միջոցառումների կազմակերպման պատասխանատվությունը, իսկ Հայկական միջազգային բժշկական կոմիտեն էլ հանդես գա փորձագիտական աջակցության ցուցաբերմամբ։ Ըստ այդմ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ձևավորել աշխատանքային խումբ, որը համակարգելու է այս ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը։
Առողջության առաջնային պահպանության վերաբերյալ համագումարի շրջանակում անցկացվող միջոցառումների մասին ամբողջական տեղեկություններ առաջիկայում հասանելի կլինեն համագումարի պաշտոնական www.6imca.am կայքում։