ՀՄԲՀ համանախագահները շարունակում են իրազեկման հանդիպումները
Օրերս տեղի ունեցած Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի և Գործադիր վարչության համատեղ նիստին Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի նախագահության անունից մասնակցել է համանախագահ Համբարձում Սիմոնյանը։
Հ. Սիմոնյանը գործընկերներին մանրամասն տեղեկություններ է տրամադրել 6-րդ ՀՄԲՀ-ի շրջանակներում նախատեսվող միջոցառումների մասին՝ առանձնահատուկ կարևորելով առողջապահական և բժշկական համայնքում ակտիվ գործունեություն ծավալող ասոցիացիաների կողմից 6-րդ ՀՄԲՀ հովանու ներքո կայանալիք սատելիտային սիմպոզիումներին մասնակցությունը և ներգրավվածությունը։ Հ. Սիմոնյանը նաև գործընկերներին քաջալերել է մասնակցել 6-րդ ՀՄԲՀ Խորհրդատվական խորհրդի աշխատանքներին։
6-րդ ՀՄԲՀ համանախագահ Գևորգ Յաղջյանն էլ մասնակցել է Հայկական բիոտեխնոլոգիական խմբի (Armenian Biotech Group)-ի նախաձեռնած առցանց ձևաչափով հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում Գ. Յաղջյանը մասնակիցներին համակողմանի տեղեկություններ է տրամադրել 6-րդ ՀՄԲՀ կազմակերպչական ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև համագումարի շրջանակներում սպասվող միջոցառումների, համագումարի գիտական ծրագրի և ներգրավվածության մեխանիզմների մասին։