6-րդ ՀՄԲՀ շրջանակում մեկ տասնյակից ավել սատելիտային սիմպոզիումներ տեղի կունենան
Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի կազմկոմիտեի անդամները հանդիպել են Համագումարի շրջանակում սատելիտային սիմպոզիումներ անցկացնելու հայտեր ներկայացրած շուրջ մեկ տասնյակից ավելի բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում սատելիտային սիմպոզիումների կազմակերպման հարցերը համակարգող 6-րդ, ՀՄԲՀ կազմկոմիտեի անդամ Արամայիս Գալումյանը ներկայացրել է սիմպոզիումների անցկացման հետ կապված առաջիկա անելիքները, կատարված աշխատանքները: Համագումարի համանախագահներ Գևորգ Յաղջյանը և Համբարձում Սիմոնյանը հայտատուներին ներկայացրել են սատելիտային սիմպոզիումների կազմակերպման և անցկացման ընդհանուր տրամաբանությունը, ընթացակարգերը և պատասխանել հայտատուներին հուզող հարցերին: Համանախագահները հայտատուներին հորդորել են կազմակերպվելիք սատելիտային սիմպոզիումներում անպայման ներգրավել նաև մարզային բժիշկներին և բուժաշխատողներին, իսկ հնարավորության դեպքում դրանք անցկացնել հենց մարզերում:
Կարևոր է հիշել, որ
Սատելիտային սիմպոզիումները Համագումարի շրջանակում տեղի ունեցող կարևոր միջոցառում են, որոնք հնարավորություն են տալիս առողջապահական և բժշկական ոլորտներում ներգրավված անձանց փորձի փոխանակում իրականացնել, հաղորդակից լինել ոլորտային նորարարություններին, միտումներին և զարգացումներին:
Սատելիտային սիմպոզիումներն անցկացվում են բուն Համագումարին նախորդող և հաջորդող 2-4 օրերի ընթացքում:
Սատելիտային սիմպոզիումներին մասնակցությունն անվճար է։
Սատելիտային սիմպոզիումների թեմատիկ ուղղությունները, բովանդակային և կազմակերպչական ընթացակարգերն ամբողջությամբ որոշվում են հայտատու ասոցիացիաների կողմից։
Սատելիտային սիմպոզիումների աշխատանքային լեզուն ևս որոշվում է ասոցիացիաների կողմից, անհրաժեշտության դեպքում ապահովվում է նաև համապատասխան թարգմանություն։
Սատելիտային սիմպոզիումները կարող են տեղի ունենալ նաև մարզում/երում՝ որոշ դեպքերում նաև ընդգրկել հարևան մի քանի մարզեր։
Սատելիտային սիմպոզիումների թեմատիկ ուղղությունների, անցկացման վայրի և ժամանակացույցի մասին հավելյալ տեղեկություններ ավելի ուշ կհրապարակվեն Համագումարի պաշտոնական կայքում: