
6 IMCA-ի մասնակիցները Արցախի հարցով դիմել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության
ղեկավարին
2023 թվականի հուլիսի 6-8-ը Երևանում տեղի ունեցած Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի ընդհանուր առմամբ շուրջ 2500 մասնակիցները (23 սատելիտային սիմպոզիումները ներառյալ), համագումարի նախագահության և Հայկական բժշկական միջազգային կոմիտեի հետ միասին նամակով դիմել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին՝ կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու, ինչպես նաև կազմակերպության լծակները գործադրելով՝ Ադրբեջանին պարտադրելու դադարեցնել Արցախի անօրինական շրջափակումը։ Կոնգրեսի անունից համանման նամակներ են ուղարկվելու նաև ՄԱԿ-ի համապատասխան գործակալություններին։
ԱՀԿ-ին հասցեագրված նամակում մասնավորապես ասվում է․
«Մենք՝ Հայաստանի վեցերորդ միջազգային բժշկական համագումարին մասնակցող միջազգային խումբը՝ շուրջ 2500 մասնակիցներ (բժիշկներ, բույքույրեր, առողջապահության այլ մասնագետներ), գրում ենք՝ Ձեր ուշադրությունը հրավիրելու Լեռնային Ղարաբաղում (Արցախում) շարունակվող ծանր հումանիտար իրավիճակին։
Ինչպես գիտեք, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման պայմաններում։ 120,000 մարդու կյանքը, այդ թվում՝ 30,000 երեխաների և հազարավոր հաշմանդամների կյանքը, կտրուկ վատթարացել է։ Մեր հայրենակիցներն այնտեղ պայքարում են օրվա հացի համար և չունեն տարրական բժշկական ծառայություններին հասանելիություն։ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել շրջափակումը վերացնելու միջազգային հանրության կոչերը և արհամարհում են Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշումը։
Ադրբեջանի գործողությունները տեղի են ունենում միջազգային իրավունքի խախտմամբ։ Այդ գործողությունները հակասում են նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստորագրված 2020 թվականի նոյեմբերի հայտարարությանը։ Վերոնշյալ հայտարարությամբ ամրագրված է անարգել երթևեկության ապահովումը Լաչինի միջանցքով, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացած աշխարհի հետ։ Սակայն արդեն վեց ամիս է, ինչ Ադրբեջանը ապօրինի և դաժան շրջափակում է իրականացնում՝ թույլատրելով միայն անհրաժեշտ դեղամիջոցների ընդամենը մի մասի մուտքը Արցախ և միայն ծայրահեղ ծանր հիվանդների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան ԿԽՄԿ-ի օգնությամբ։
Տառապանքներն ուժեղացնելու նպատակով, Ադրբեջանի զինված ուժերը մշտապես թիրախավորում են Լեռնային Ղարաբաղում խաղաղ քաղաքացիներին։ Ալիևի ռեժիմը դադարեցրել է բնական գազի մատակարարումը, սաբոտաժ է արել և արգելափակել բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վերանորոգումը, որն ապահովում էր Լեռնային Ղարաբաղի էլեկտրաէներգիայի հիմնական մասը։ Մինչ հումանիտար ճգնաժամն Արցախում խորանում է, Ադրբեջանի ավտոկրատ ղեկավարը չի թույլատրում մարդասիրական և փաստահավաք առաքելությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ։
Որպես Հիպոկրատի երդման հետևորդներ՝ մենք չենք ընդունում որևէ իրավիճակ, որը խախտում է մարդու բժշկական օգնության հասանելիության հիմնարար իրավունքը։ Սույն նամակով մենք խնդրում ենք Ձեզ անել Ձեր լիազորությունների շրջանակում հնարավոր ամեն ինչ և օգտագործել կազմակերպության բոլոր լծակները՝ դադարեցնելու համար Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումը։ Մենք ակնկալում ենք ԱՀԿ հռչակած արժեքներին համապատասխան արդյունավետ գործնական միջոցների ձեռնարկում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի մարդկանց տառապանքների թեթևացմանը և ռեպրեսիվ Ադրբեջանի շարունակական ագրեսիայից Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների պաշտպանությանը»։