Մեր պատմությունը

Հայաստանի միջազգային բժշկական համագումարը տասնամյակների պատմություն ունեցող համահայկական նշանակության խոշորագույն միջոցառում է։ 1967 թվականից սկսած Սփյուռքում չորս տարին մեկ պարբերականությամբ տեղի էր ունենում աշխարհասփյուռ հայ բժիշկների համագումար՝ Հայ բժիշկների համաշխարհային կոնգրես անվամբ։ 2001 թվականին ՀՀ առողջապահության նախարարության և Հայ բժիշկների միջազգային կոմիտեի միջև ձեռք բերված համաձայնությամբ հիմք դրվեց համագումարներն ամեն երկու տարին մեկ Սփյուռքում և Հայաստանում անցկացնելու ավանդույթին։

Ըստ այդմ՝ 2003 թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Հայաստանի Առաջին Միջազգային Բժշկական Համագումարը։ 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ Համագումարներն հաջորդաբար անցկացվել են 2007, 2011, 2015 և 2019 թվականներին։ Հայաստանի 6-րդ Միջազգային Բժշկական Համագումարը տեղի է ունենալու 2023 թվականի հուլիսի 6-8-ին՝ Հայաստանում և Արցախում։ Սփյուռքում Միջազգային Բժշկական Համագումարներն անցկացվել են 2001թ-ին Տորոնտոյում, 2005թ-ին Սան Ֆրանցիսկոյում, 2009թ-ին Նյու-Յորքում և 2013թ-ին Լոս Անջելեսում: Համագումարներին ավանդաբար մասնակցում են հազարավոր բժիշկներ, բժշկական և առողջապահական ոլորտի մասնագետներ։

Համագումարի ընթացքը

Համագումարի շրջանակներում տեղի ունեցող լիագումար նիստերին ներկայացվում են միջազգային ճանաչում ունեցող գիտնականների դասախոսություններ` նվիրված բժշկական հայտնագործությունների և բուժման առաջադեմ եղանակներին, կազմակերպվում են բժշկագիտության տարբեր ուղղությունների գիտական սեկցիաներ, որտեղ ներկայացվում են արդի հետազոտությունները լուսաբանող զեկույցներ: Համագումարի երրորդ օրն ավանդաբար նվիրված է լինում Հայաստան-Սփյուռք համագործակցության շրջանակներում առողջության պահպանման և բժշկական կրթությանն ուղղված տարբեր ծրագրերի ներկայացմանը: Համագումարի շրջանակներում կազմակերպվում են նաև թեմատիկ սատելիտային սիմպոզիումներ և սեմինարներ, որտեղ ներկայացվում են ճանաչված մասնագետների դասախոսություններ, քննարկվում են գործնական բժշկագիտության արդիական հարցեր: Այն հնարավորություն է տալիս Համագումարի աշխատանքներում շատ ավելի մեծ թվով մասնակիցներ ընդգրկել՝ վերջիններիս ներկայացնելով թեմատիկ դասախոսություններ բժշկագիտության ժամանակակից ձեռքբերումների և բուժման արդիական մեթոդների վերաբերյալ: Համագումարը նաև Հայաստանից և արտասահմանից գիտնականներին հնարավորություն է ընձեռում ներկայացնել գիտական հոդվածներ, որոնք հետագայում տեղ են գտնում Համագումարի շրջանակներում ներկայացվող զեկուցումներում և տպագրվում են Համագումարի նյութերի ժողովածուում։

Համագումարի աշխատանքները համակարգվում են Համագումարի Կազմակերպչական կոմիտեի կողմից, իսկ գիտական հատվածի համակարգումն իրականացնում է Համագումարի Գիտական կոմիտեն։

Մեր առաքելությունը

2023 թվականի հուլիսի 6-8-ը Հայաստանում և Արցախում «Բժշկական համագումար» հիմնադրամի, ՀՀ Առողջապահության նախարարության, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) հովանու ներքո անցկացվող Հայաստանի 6-րդ Միջազգային Բժշկական Համագումարի առաքելությունն է ամրապնդել Հայաստան-Սփյուռք կապերը, քննարկել Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերի առջև ծառացած հիմնախնդիրները, սահմանել գերակայություններն, ինչպես նաև նպաստել առողջապահական և բժշկական ոլորտների առաջադիմական փորձի փոխանակմանը և տեղայնացմանը: