«Միասին կարող ենք ավելին՝ Հանուն Արցախի». Բարեգործական համերգ հուլիսի 4-ին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Արցախի Մարդասիրական Աջակցության Նախաձեռնությունը համատեղ կազմակերպում են «Միասին կարող ենք ավելին՝ Հանուն Արցախի» խորագրով բարեգործական համերգ։ Բարեգործական համերգը ներառված է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի սոցիալական ծրագրի փաթեթում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Անտոն Բրուկների 9-րդ սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Համերգի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը փոխանցվելու է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությանը՝ Արցախի երեխաների առողջական կարիքները հոգալու համար։
Արցախի Մարդասիրական Աջակցության Նախաձեռնությունը (ԱՄԱՆ) Արցախի շուրջ համախմբման և կենսական կարևոր օգնություն ցուցաբերելու յուրատեսակ առաքելություն է, որի առաջնահերթ նպատակն է նպաստել Արցախի բնակչության առողջության պահպանմանը՝ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահելով մայրերին, երեխաներին և քրոնիկ հիվանդներին։
Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի պատվավոր նախագահ Արա Բաբլոյանը, համանախագահներ Համբարձում Սիմոնյանը, Գևորգ Յաղջյանը և համագումարի կազմկոմիտեի անդամներ Արամայիս Գալումյանը և Արմինե Բարխուդարյանն հանդիսանում են ԱՄԱՆ-ի հիմնադիր կազմի անդամներ։